top of page

Սա մեր Հայաստանն է, դուք ձերը գտեք (Մաս Ա)

Updated: 2 hours ago

Վերջերս ՀՀ Ազգային ժողովը երկու օրինագիծ ընդունեց, որով ԱԺ ընտրություններում ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը փաստացի վերապահվում է միայն ՀՀ մշտական բնակիչ քաղաքացիներին` նրանց, ովքեր համապատասխան քվեարկությանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի փաստացի գտնվել են Հայաստանում։

Այն վտանգը, որն օրենսդիրը սրանով ցանկացավ չեզոքացնել, իսկապես խնդիր է աշխարհի տարբեր երկրների համար։  Աղետալի կլինի, եթե պետական քաղաքականությունը թելադրվի անձանց կողմից, ովքեր ուղղակիորեն չեն կրելու այդ քաղաքականության հետևանքներն առօրյա մակարդակով կամ, ավելին, առաջնորդվում են այլ պետության քաղաքական շահերով։  Լավագույն դեպքում տեղի ժողովուրդը կդառնա սփյուռքի գերին, իսկ վատագույն դեպքում՝ օտար պետությունից կախյալ։

Խնդիրն այն չէ, որ օրենսդիրը վտանգ զգաց և ցանկացավ լուծել։  Խնդիրն այն է, թե ինչպիսի լուծում տվեց օրենսդիրը՝ առանց խորքային վերլուծության ու բանավեճի զրկելով հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից։  Ի վերջո, այս փոփոխություններն ընդունվեցին կայծակնային արագությամբ՝ ուղիղ երեք շաբաթվա ընթացքում օրինագծից վերածվելով օրենքի։

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները։  Փոխարենն ի՞նչ կարելի էր անել։  Եվ ինչո՞ւ օրենսդիրը գործեց նման շտապողականությամբ։ Նոր լույսի ներքո փորձել եմ անդրադառնալ այս հարցերից յուրաքանչյուրին։

Ահա առաջին մասը։


Կոտորակելով առանց այդ էլ կոտորակված մարդկային կապիտալը

Ըստ ՀՀ Սահմանադրության անփոփոխելի երկրորդ հոդվածի՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հիմնականում ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Քվեարկելու իրավունքը միայն հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներին վերապահելով՝ օրենսդիրն արձանագրում է. Հայաստանում իշխանությունը, այսինքն՝ Հայաստանն ինքը, պատկանում է հայաստանաբնակներին։

Սա հստակ ուղերձ է արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին. «դուք Հայաստանի ապագայի կերտման հարցում առարկայական իմաստով ասելիք կամ անելիք չունեք, և ըստ էության՝ ձեր ՀՀ քաղաքացի լինելը կամ չլինելը մեզ համար միևնույնն է»։  Սրանով արձանագրվում է նաև, որ ՀՀ քաղաքացի լինելն այլևս ամենահիմնարար կապը չէ Հայաստան պետության հետ. այն փաստացի ստորադասվում է Հայաստանի բնակիչ լինելուն։  Իրականում օրինագծերի հիմնավորման մեջ առերևույթ այդպես էլ ասվում է։

Նույն ուղերձն ուղարկվում է նաև սփյուռքահայությանն առհասարակ։  Փոխարենը խրախուսենք նրանց կողմից հայկական պետության հետ իրավական կապի՝ ՀՀ քաղաքացության ստանձնումը, այդ ինստիտուտը զրկում ենք իր տրամադրած ամենակարևոր իրավունքներից։  Սփյուռքահային չի մնում հայկական պետականաշինությանը ներգրավվելու որևէ այլ մղում, քան հայրենասիրական զգացումները կամ, առավելագույնը, շահույթի հետապնդումը։  Նա այլևս զրկվում է ՀՀ քաղաքացիություն ստանձնելու միջոցով Հայաստանի տերն իրեն զգալու հնարավորությունից։

Ի վերջո, սրանով օրենսդիրը փաստացի դադարում է Հայաստանին դիտել որպես հայկական պետություն, այսինքն՝ ազգային պետություն, այսինքն՝ համայն հայության օրակարգը մարմնավորող միջազգային իրավունքի սուբյեկտ։  Հայաստանն այլևս դիտվում է որպես... պետություն՝ վերջակետ, իսկ հայ ժողովուրդը նույնը՝ ինչ Հայաստանի բնակչությունը։  Այս առումով հատկանշական է, որ օրինագծերի հիմնավորման մեջ հղում է կատարվում տեղական կառավարման մարմինների ընտրություններին՝ փաստացի համապետական ընտրությունները դասակարգելով տեղականների շարքին։  Հակառակ դեպքում, օրենսդիրը կգիտակցեր և կճանաչեր, որ հայկական պետության վարած քաղաքականությունը հետևանքներ ունի նաև՛ արտասահմանում բնակվող հայերի համար։  Եվ եթե այդպես է, ելնելով իր իսկ առաջադրած հիմնավորումից, որ ընտրելու իրավունքը պետք է վերապահվի միայն դրա հետևանքները կրող քաղաքացիներին, կգիտակցեր այդ օրինագծերի առաջացրած հակասական հետևանքը։

Ձեր ՀՀ քաղաքացի լինելը կամ չլինելը մեզ համար միևնույնն է։

Եթե օրենսդիրը հաշտ է այս բոլոր հետևանքների հետ, դա մի հարց է։  Սակայն այս փոփոխությունների ֆոնին այլևս անկարելի է խոսել տասը միլիոն համասփյուռ հայության մասին և թե որքան կարևոր է մարդկային կապիտալը բնական ռեսուրսներից և դեպի ծով ելքից զուրկ Հայաստանի համար։  Այս մոտեցմամբ պարզապես կոտորակվում է առանց այդ էլ կոտորակված մեր մարդկային ներուժը։

Ցավոք նման օրինագծերը մեկուսի տեղային «շտկումներ» չեն։  Դրանք հղի են պետական քաղաքականության վերածվելու վտանգով, որով արտասահմանում բնակվող հայերը պահվելու են «պարզած ձեռքի հեռավորության» վրա՝ «բարիդրացիաբար շփվենք, բայց դուք մերոնքական չեք» սկզբունքով։

Այլ կերպ ասած՝ «սա մեր Հայաստանն է, դուք ձերը գտեք»։


Հայությանը «զեղչելու» փոխարեն՝ պետությունը հայությանը համապատասխանեցնենք

Այն լուծումը, որը տվեց օրենսդիրն իր առջև դրած խնդրին, հիշեցնում է հայտնի խոսքերը. «չկա մարդ, չկա խնդիր»։  Սակայն քաղաքացու ընտրական իրավունքին վերաբերող նուրբ ու հիմնարար հարցերում ավելի հարիր է վիրահատական մոտեցումը։  Ահա մի քանի այլընտրանքային տարբերակ, որոնք կարելի էր քննարկել այս խնդրի ֆոնին։

Ա. Նախատեսել «սփյուռքյան» պատգամավորական մանդատներ.  Այս լուծմամբ Ազգային ժողովի պատգամավորական մանդատներից որոշները (օրինակ՝ առնվազն 101 պատգամավորական մանդատից հինգը) ընտրվում են արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից։  Այս մոտեցումը կիրառվում է Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում։

Բ. Պահպանել հարկատուների ընտրական իրավունքը.  Արտասահմանում բնակվող շատ քաղաքացիներ Հայաստանում գույք ունեն՝ անշարժ գույք, ավտոմեքենա, և այլն, և գույքահարկ են վճարում (նաև՝ եկամտային հարկ, եթե այդ գույքը վարձով են տալիս)։  Հայաստանում գրանցված ընկերությունների սեփականատեր են, որոնք շահութահարկ են վճարում։  Պարբերաբար այցելում են Հայաստան (ոչ միայն ընտրությանը մասնակցելու նպատակով) և գնումներ կատարելիս ԱԱՀ են վճարում։  Առնվազն նրանց համար կարելի է պահպանել ընտրական իրավունքը։  Այս մոտեցման էությունը կիրառվում է Հունաստանում։

Գ. Սահմանել այլ ցենզ, քան նստակեցությունը.  Շարունակելով նախորդ միտքը` կան սփյուռքաբնակ բազում ՀՀ քաղաքացիներ, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստան` անկախ ընտրություններից։  Կարելի է սահմանել, որ վերջին հինգ տարում առնվազն երկու շաբաթով Հայաստան այցելած արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրավասու են մասնակցել ԱԺ ընտրություններին։  Նմանատիպ մոտեցում է կիրառվում Նոր Զելանդիայում (երեք տարվա ընթացքում՝ առնվազն մեկ այց), Գերմանիայում (քսանհինգ տարվա ընթացքում՝ առնվազն մեկ այց) և ժամանակին նաև Մեծ Բրիտանիայում (տասնհինգ տարվա ընթացքում՝ առնվազն մեկ այց)։

(Ի դեպ, եթե ընթերցողիս մոտ տարակուսանք առաջանա, թե որքան վարչական ռեսուրս են պահանջելու վերջին երկու լուծումների կիրառումը, կհակադարձեմ՝ ավելի քիչ, քան օրենսդրական փոփոխություններով նախատեսված լուծումը։)

Վերջապես, ամենահամարձակ և ֆունդամենտալ լուծումը կլինի հետևյալը։

Դ. Սահմանել երկպալատ խորհրդարան. Այս լուծմամբ Ազգային ժողովը կունենա երկու պալատ՝ վերին պալատ (պայմանականորեն՝ «Ազգային խորհուրդ»), որը կընտրվի բոլոր ՀՀ քաղաքացիների կողմից, և ստորին պալատ (պայմանականորեն՝ «Պետական խորհուրդ»), որը կըտրվի միայն հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիների կողմից։ Համազգային նշանակության հարցերին վերաբերող օրինագծերը պետք է արժանան և՛ վերին և՛ ստորին պալատների հավանությանը, մինչդեռ համապետական կամ ներպետական հարցերին վերաբերողները՝ միայն ստորին պալատի հավանությանը։ Այս կառուցվածքով հնարավորություններն անվերջ են՝ Ազգային խորհրդին մյուս այլ հարցերում խորհրդատվական դեր հատկացնելը, որոշակի հարցերում վետոյի իրավասություն վերապահելը, Պետական խորհրդին՝ այդ վետոն որոշակի դեպքերում հաղթահարելու իրավասությունը և այլն։ Ամենամոտ օրինակը Չեխիայի խորհրդարանն է, թեպետ այնտեղ պալատների բնույթն ու գործառույներն այլ են։

Նմանատիպ նորարար մոտեցումներից պետք չէ խորշել, եթե դրանք ունակ են ճշգրտորեն արտացոլել մեր պետության ու ժողովրդի էությունը և արդյունավետորեն կազմակերպել մեր քաղաքական գործունեությունը։ Այդուհանդերձ՝ որպես նորարար մոտեցում, նմանատիպ նախագիծը դեռ ահեղ բանավեճի և խորքային մշակման պետք է ենթարկվի նախքան կենսունակ մոդել դառնալը։

Նմանատիպ նորարար մոտեցումներից պետք չէ խորշել, եթե դրանք ունակ են ճշգրտորեն արտացոլել մեր պետության ու ժողովրդի էությունը։

Այսպիսով, լուծումները շատ են՝ թե՛ միջազգային փորձի վրա հիմնված, թե՛՝ պարզապես շրջահայաց մտածողության։ Ընդ որում՝ նույնը կարելի է ասել նաև հայության աշխարհասփյուռ բնույթին առնչվող այլ հարցերում։

Իսկ նման հարցերում մեզ առաջնորդող սկզբունքը պետք է լինի ոչ թե հայությունը «զեղչել» և պետությանը հարմարեցնել, այլ՝ պետության մեր ընկալումն ընդարձակել ու համապատասխանեցնել հայության բնույթին։

 

«Ոչինչ չանելը» նույնպես լուծում է, եթե խնդիրն արդեն իսկ լուծված է

Այն, որ չենք ցանկանում Հայաստանի պետական քաղաքականությունը թելադրվի դրսից, ի սկզբանե արձանագրեցինք։  Սակայն կարևոր է առանց հուզականության ֆիքսել. արդյո՞ք սա չլուծված խնդիր էր Հայաստանի պարագայում։

Օրենսդրական փոփոխությունների խթանը, առերևույթ, 2026 թվականի ԱԺ ընտրությունների ֆոնին արտերկրից ՀՀ քաղաքացիների «լայնածավալ» ժամանումն էր։  Իրականում քանի՞ արտասահմանաբնակ քաղաքացի մասնակցեց այս ընտրություններին։  Հիմնական թիրախում հայտնվեցին ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացիները. այդուհանդերձ՝ պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ 80,000-100,000 ժամանած ընտրողների ասեկոսեն ուրճացված է, և թիվը ողջամտորեն տատանվում է 3,358-ից 31,654 սահմանում։  Եթե վերցնենք նշված տիրույթի միջինը՝ 17,500, և համարենք, որ մյուս երկներից Հայաստան են ժամանել ևս 5,000 ընտրող (ինչը, իմ գնահատմամբ, անհավանական մեծ թիվ է), ապա ստացվում է, որ մոտ մեկուկես միլիոն մասնակցի կտրվածքով ընդամենը 1.5%-ն է եղել արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացի։

Եվ դա զարմանալի չէ։  Ֆիզիկապես Հայաստանում ընտրելու պահանջը ինքնին «ինքնազտիչ» դեր է տանում՝ սահմանափակում է արտասահմանում բնակվողների մուտքն ընտրություններին, և կարիք չի առաջանում էլ ավելի սահմանափակելու՝ բարդացնելու այդ մուտքը։  Խոշոր սփյուռք ունեցող մի շարք պետություններում նման պահանջն ինքնին համարվում է բավարար պաշտպանիչ միջոց արտաքին ազդեցությունից զերծ մնալու համար։  Այսպիսի մոտեցմամբ են շարժվում Իռլանդիան, Իսրայելը, Հնդկաստանը, որոնցից յուրաքանչյուրը զգալի սփյուռք ունի։

Այլ կերպ ասած՝ գուցե օրենսդիրը փորձեց լուծել խնդիր, որն իրականում արդեն իսկ լուծված էր։

***

Գլխավոր պատկերը՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Ճամփորդը ծով մշուշի առջև» (1818)


Ստեփան Խզրթյանի մասնագիտական գործունեությունը գտնվում է իրավունքի, կառավարման և հայկական ինքնության հատման կետում։ «Կարգապահների տունը» քաղաքափիլիսոփայական վեպի հեղինակն է։ Հանդիսանում է հատուկ հարցերով իրավախորհրդատու, ինչպես նաև «Կորպորա» ընկերության և «Հույս» հիմնադրամի համահիմնադիրը։


 
 
 

Comments


© 2024-2026 Ստեփան Խզրթյան

bottom of page