Կա՛մ իմ ասածով է լինելու, կա՛մ կորիր գրողի ծոցը
Updated: 2 days ago
Հայաստանի Հանրապետությունը սահում է դեպի հերթական քաղաքական ճգնաժամը։ Իշխանությունը ցանկանում է հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, ընդդիմությունը ընդդիմանում է, և երկու ճամբարներն էլ իրենց դիրքորոշումը կապում են հայկական պետականության ճակատագրի հետ. Սահմանադրությունը չփոխենք՝ պատերազմ կլինի, փոխենք՝ ինքնիշխանությունը կկորցնենք։
Հարցը միակ ինստիտուցիոնալ հարթակում՝ խորհրդարանում քննարկելու և որոշելու փոխարեն՝ երկու կողմերը երեսները թեքում են դեպի հանրությանը։ Իշխանությունը սպառնում է ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գեներացնել և արտահերթ ընտրություններ անցկացնել, որին ի պատասխան ընդդիմությունը «խրամատավորում» է և կոչ է անում հանրությանը միանալ իրեն։ Եթե կոպիտ, սակայն պատկերավոր ձևակերպենք, միմյանց հետ «լեզու գտնելու» փոխարեն՝ իշխող քաղաքական ուժը ցանկանում է «մարդ բերել» ընդդիմության վրա, իսկ ընդդիմությունը՝ դրան դիմակայել իր շարքերը զորաշարժելով։
Սա զավեշտալի է։
Բանն այն է, որ խորհրդարան ընտրելու իմաստներից մեկն այն է, որ հասարակությունն այլևս չանհանգստացվի այն հարցերով, որոնց լուծումը պատվիրակել է իր ներկայացուցիչներին։ Հասարակությունն իրենից հասանելիք ամենակարևորն արել է՝ քվեարկել է։ Քաղաքացուց ակնկալել ավելին, նույնիսկ պետականության կորստի սպառնալիքով հոգեբանորեն ճնշել անել ավելին, և առավել ևս հինգ ամիս անց կրկին ընտրատեղամաս հրավիրել՝ նշանակում է ձախողել այդ մանդատը։ Նման պարագայում հանրությունը լոկ դառնում է զենք քաղաքական ուժի ձեռքին՝ ուղղված ընդդեմ հակադիր քաղաքական ուժին։
Հանրությունը լոկ դառնում է զենք քաղաքական ուժի ձեռքին՝ ուղղված ընդդեմ հակադիր քաղաքական ուժին։
Ինչպե՞ս հասանք այստեղ։ Ինչի՞ց է գալիս, որ պատգամավորները բանավեճի և բանակցության արվեստի փոխարեն ապավինում են բռունցքների մարտարվեստին՝ բոլորովին նոր իմաստ հաղորդելով «աթոռակռիվ» երևույթին։
Կարծում եմ, որ նման պահվածքի ակունքում երկու խնդիր կա, որոնք վարակում են հայկական ներքաղաքական գործընթացները։ Դրանք զույգ եղբայրներ են՝ բացարձականությունը և առավելապաշտությունը։
Սև-սպիտակի ախտը
Բացարձականությունն արտահայտվում է հարցերը և մարդկանց «սևի» և «սպիտակի» բաժանելու պարզունակ մտածողության մեջ։ Պատկերավոր ասած. «մենք ճշմարիտ ենք, նրանք՝ դավաճան»։ Քաղաքականության տեսանկյունից հասկանալի կլիներ, եթե այս խոսույթները զուտ կռվաններ լինեին քարոզարշավերում սեփական շահերը պաշտպանելու համար։ Ցավոք շուտվանից դրանք դարձել են խորը հավատալիքներ. դրանց կրողներն իսկապես հավատում են, որ նրանք ամբողջովին «սպիտակ» են, դիմացինը՝ բոլորովին «սև»։ Իսկ եթե այդ համոզման կրող ես, դիմացինին չես էլ լսի, լսես էլ՝ ասածների տակ միշտ մի ստվերային միտում կփնտրես։
Ցավալի է, որ այս փոխադարձ թշնամանքը չի սահմանափակվում միայն քաղաքական վերնախավով և սողոսկում է հանրության տներ, բակեր, աշխատավայրեր, սրճարաններ և վերածվում քաղաքացիների միջև անձնական խնդրի։ Քաղաքացին իր պարտքն է համարում իր հարած ճամբարի ցանկացած տեսակետ ամբողջովին հիմնավորելը և դիմացինինը մերժելը՝ առանց այդ տեսակետը ենթարկելու սեփական անկախ դատողությանը։ Արդյունքում անասելի մեծ ռեսուրս՝ էներգիա, ուշադրություն և ժամանակ է վատնվում՝ կտրվելով կառուցողական գործունեությունից՝ ուսումից, աշխատանքից, ստեղծարարությունից և տրամադրվելով քաղաքական ուժերի օրակարգերի զարգացմանը։
Այդուհանդերձ, ճշմարտությունը բազմակողմանի ու բարդ երևույթ է և հազվադեպ է ամբողջովին լինում մեկ ճամբարի ձեռքում, այլ փոխարենը լինում է բաշխված տարբեր ճամբարների դիրքորոշումներում։
Օրինակներով խոսենք՝ մի պահ վերանալով մեր խորը հավատալիքներից և փորձելով նորովի դատել։
Վերցնենք նոր Սահմանադրության հանրաքվեի հարցը։
Գուցե իշխանությունը ճիշտ է, որ բովանդակային իմաստով կարիք չկա, որ Սահմանադրությունը հղում կատարի Անկախության հռչակագրին։ Միևնույն ժամանակ գուցե ընդդիմությունը ճիշտ է, որ արտաքին սպառնալիքի տակ այս հարցը լուծել նշանակում է հրաժարվել ինքնիշխանությունից։ Գուցե նոր Սահմանադրությունը կարող է ծառայել Հայաստանի Հանրապետության առաջընթացին, թեկուզև «մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ» սկզբունքով։ Եվ գուցե պատերազմի սպառնալիքի տակ Սահմանադրություն փոխելն իսկապես հղի է հուզականության ֆոնի վրա սխալներ թույլ տալու վտանգով։
Նման մոտեցումը կարելի է կիրառել նաև քաղաքական կողմնորոշման հարցում։
Հնարավոր է հպարտանալ, որ մայիսքսանության շքերթին ականատեսը եղանք հայկական զինված ուժերի վերածննդի այգաբացին, բայց միևնույն ժամանակ գտնել, որ Արագածի գագաթները հրապարակում կառուցելն ավելորդ էր, նույնիսկ՝ անմտություն։ Նորմալ է քվեարկած լինել իշխող քաղաքական ուժի օգտին, և միևնույն ժամանակ քննադատել Արարատ լեռան և Արցախ անվանման չքողարկված ջնջումը պետական դիսկուրսից և փաստաթղթերից։ Նորմալ է քվեարկած լինել իշխանության օգտին, ընդհանուր առմամբ կիսել նրանց քաղաքական դիրքորոշումը, և միևնույն ժամանակ անընդունելի համարել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրը իշխանության աղաղակող լռությունը (ավելի ճիշտ՝ հանրային տոնախմբությունը)։
Նույն տրամաբանությամբ, հնարավոր է գարշելի համարել իշխանության պահվածքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, բայց միևնույն ժամանակ վերապահում ունենալ Վեհափառի անձի նկատմամբ ու կործանարար համարել հոգևոր դասի միջամտությունը քաղաքական պայքարին։ Նորմալ է քվեարկած լինել ընդդիմության օգտին, և միևնույն ժամանակ գտնել, որ ավանդական ռազմավարական գործընկերը պետք եղած ժամանակ տեր չեղավ իր պայմանագրային պարտավորություններին, և խորշել հին աշխարհաքաղաքական կոնյուկտուրային վերադարձից։ Նորմալ է ընդդիմադիր լինել, և միևնույն ժամանակ հավասարապես ցանկանալ խաղաղություն ու համարել, որ գրագետ գործելու դեպքում TRIPP-ը կարող է սպասարկել Հայաստանի պետական շահերին։
Երկու «ճշմարտություն» կարող է միաժամանակ գոյություն ունենալ։ Իսկ այս հարցում փոփոխությունը պետք է սկսի քաղաքական վերնախավի պահվածքից։ Հաճախ ենք լսում, որ քաղաքական վերնախավը հասարակության հայելին է։ Սակայն հազվադեպ են հիշատակվում Արիստոտելի խոսքերն առ այն, որ քաղաքական վերնախավի բարքերը որոշում են հանրության վարքը։
Քաղաքական վերնախավի բարքերը որոշում են հանրության վարքը։
«Ամեն ինչ կամ ոչինչ»
Սև-սպիտակ մտածողության ուղիղ արգասիք է առավելապաշտությունը։ Քանի որ դու բացարձակ ճշմարիտ ես, իսկ դիմացինը՝ բացարձակ սխալ, դիմացինի հետ համաձայնվելը կամ որևէ փոխզիջման գնալը նշանակում է սեփական ճշմարտությունը «պղտորել»՝ խառնել սխալի հետ։ Դավաճանի հետ համագործակցելը հավասար է հանցակցության, այսինքն՝ ինքնին դավաճան լինելուն։
Սրա արդյունքում յուրաքանչյուր ճամբար առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով՝ սեփական ողջ ռեսուրսը (այդ թվում, ինչպես վերը տեսանք՝ զենք դարձրած հանրությանը) ուղղելով դիմացինին կործանելուն, քանի որ միայն այդ դեպքում կարող է նա հաղթանակած դուրս գալ։ Բանակցային համայնքի շրջանակներում այս մոտեցումը ծանոթ է «զրոյական արդյունքով խաղ» անվամբ կամ, պատկերավոր՝ “it’s my way or the highway” արտահայտությամբ (իմաստը թարգմանաբար՝ «կա՛մ իմ ասածով է լինելու, կա՛մ կորիր գրողի ծոցը»)։ Երրորդ տարբերակը բացառվում է։
Սահմանադրության հանրաքվեի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներն այս դինամիկայի վառ դրսևորումներն են։ Իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցում ունեն տրամագծորեն հակադիր և խիստ սկզբունքային դիրքորոշումներ։ Երկուսն էլ համարում են, որ իրենց դիրքորոշումից ցանկացած շեղում հանգեցնելու է պետականության կործանման։ Երկուսի համար էլ դիմացինը դավաճան է։ Երկուսն էլ «խրամատավորվում» են։
Այս դինամիկան վերածվում է մահվան օղակի. որքան սրվում է մի ճամբարի գործողությունը դիմացինի հանդեպ, այնքան ավելի է սրվում դիմացինի հակադեցությունը։ Եվ շուտով հարցն այլևս չի վերաբերում միայն պետությանը կամ Սահմանադրությանը, այլ ստանում է անձնական պատվի ու արժանապատվության երանգ։
Յուրաքանչյուր ճամբարի տրամադրությունն ամփոփվում է մոտավորապես հետևյալ կերպ.
Նման գոյաբանական հարցում դավաճանին որևէ զիջում անել նշանակում է՝ «կուլ գնալ», նշանակում է՝ կորցնել սեփական դեմքն ու կործանել հեղինակությունը։ Ուրեմն՝ պետք է գնալ մինչև վերջ, մինչև դիմացինը լիակատար պարտվի։
Կա՛մ իմ ասածով է լինելու, կա՛մ կորիր գրողի ծոցը։
Քաղաքական պրագմատիզմի խոստումը
Այս երկու ախտերի լուծումը քաղաքական պրագմատիզմն է։ Սա նշանակում է.
Բացառել որևէ այլ լուծում, քան այն որը կկայանա խորհրդարանի դահլիճում՝ փոխադարձ համաձայնությամբ,
Բացառել հանրության ներքաշումը քաղաքական առճակատման մեջ, և ստանձնել յուր մանդատի պատասխանատվությունն ինքնուրույն,
Ընդունել, որ դիմացի ճամբարը հասարակության ստվար զանգվածի ներկայացուցիչն է, և նրանց փորձել շրջանցել նշանակում է անարգել նրանց ընտրած քաղաքացիներին։
Վերջապես, քաղաքական պրագմատիզմը ենթադրում է, որ շատ դեպքերում լուծված հարցն ավելի արդյունավետ է սպասարկում քո շահերը, քան տապալված հարցը։
Օբյեկտիվ չափանիշներն ու շահերի գիտակցումը զորավոր գործիքներ են, որոնք կարող են օգնել կողմերին հարցի լուծումը դուրս բերել բևեռացված գործելաոճից ու միմյանց հետ համաձայնվել՝ առանց իրենք իրենց ուրանալու։ Այսպես.
Նախ, իշխանությունը կամ ընդդիմությունը չէ, որ պետք է որոշի, թե արդյոք Հայաստանն ունենա նոր Սահմանադրություն կամ ոչ։ Դրա միակ որոշողը ՀՀ քաղաքացիներն են. սա օբյեկտիվ չափանիշ է։ Եվ ուրեմն՝ ընդդիմությունը չպետք է խոչընդոտի հանրաքվեի անցկացնմանը։
Այդուհանդերձ, ընդդիմությունն իրավասու է իր համաձայնությունը կախման մեջ դնել տարատեսակ պայմաններից, որոնք սպասարկում են իր շահերը, օրինակ.
Չեղարկել այն օրենքները, որոնք զրկում են արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից՝ հակասահմանադրականության (այսինքն՝ օբյեկտիվ չափանիշի) հիմքով,
Փոփոխել ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ նվազեցնելով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը (խորքային շահերի գիտակցում),
Խմբագրել նոր Սահմանադրության նախագիծն իր համար առանցքային դիրքորոշումների (այսինքն՝ խորքային շահերի) հիման վրա, օրինակ՝ սահմանափակելով, թե նույն անձը քանի անգամ կարող է ընտրվել վարչապետ,
Պայմանավորվել հանրաքվեի անցկացման ժամկետի, հանրային քննարկումների և բանավեճերի ձևաչափի, վերջիններիս կանոնների հարցում, որպեսզի քարոզչության պատշաճ հնարավորություն լինի (խորքային շահերի գիտակցում)։
Այնուամենայնիվ, գլխավոր կռվախնձորը Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հարցն է։ Թեպետ երկու ճամբարներն այս հարցում ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում, այդ որոշումը, կրկին, ոչ թե նրանց, այլ ՀՀ քաղաքացիների տիրույթում է (օբյեկտիվ չափանիշ)։
***
Եզակի բացառություններով՝ հայկական ներքաղաքական գործընթացները տասնամյակներ շարունակ արտահայտվել են սև-սպիտակ մտածողությամբ և «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցմամբ (եթե ուշադրություն դաձնենք, կնկատենք թե ինչպես են այս ախտերը արտացոլվել նաև արտաքին հարաբերություններում՝ աղետալի արդյունքներով)։
Սակայն դրանց փոխարինումը քաղաքական պրագմատիզմով թույլ կտա քաղաքական վերնախավին ոչ միայն խուսափել ճգնաժամից, այլ նաև այս առիթն օրինակ դարձնել հայկական քաղաքական մշակույթում՝ դիմացինին «ատելով» փոխադարձ համաձայնության գալու։
***
Գլխավոր պատկերը՝ Ֆրանցիսկո Գոյայի «Մենամարտ մահակներով» (1820-1823)

Ստեփան Խզրթյանի մասնագիտական գործունեությունը գտնվում է իրավունքի, կառավարման և հայկական ինքնության հատման կետում։ «Կարգապահների տունը» քաղաքական-փիլիսոփայական վեպի հեղինակն է։ Փաստաբան է ՀՀ-ում և ԱՄՆ-ում, հանդիսանում է հատուկ հարցերով իրավախորհրդատու, ինչպես նաև «Կորպորա» ընկերության և «Հույս» հիմնադրամի համահիմնադիրը։



Արժեքավոր և հավասարակշռված անդրադարձ` կառուցողական առաջարկներով: